AM
20 Սեպտեմբեր 2011 - 12:44 AMT

Շրջանառվող լուրերը սխալ են. սեպտեմբերի 22-ը և 23-ը աշխատանքային օրեր են

Շրջանառվող լուրերի համաձայն անկախության տոնին հաջորդող հինգշաբթին և ուրբաթը հայտարարվելու են ոչ աշխատանքային։ Սակայն կառավարությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ այդպիսի հարց չի քննարկվել, և սեպտեմբերի 22-ն ու 23-ը լինելու են սովորական, թեկուզ և հետտոնական, սակայն աշխատանքային օրեր։

Վաղը՝ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է։ ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևանի» առթիվ Երևանում նախատեսվում է անցկացնել 22 միջոցառում, որոնցից առաջինը կլինի ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում։ Նախատեսվում են նաև մի շարք համերգներ։ Ջազ կարելի է լսել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հեղինակային երգերի կատարումներ՝ Մոսկովյան պուրակում, դասական երաժշտության բեմ տեղադրված կլինի Կոմիտասի արձանի հարակից պուրակում, իսկ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ կհնչեն ազգագրական կատարումներ։ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կբեմադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ օրը կեզրափակեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը։ Միջոցառումներ են նախատեսվում նաև ՀՀ բոլոր մարզերում։