AM
24 Սեպտեմբեր 2011 - 09:37 AMT

Ադրբեջանցիները գերմանացի եպիսկոպոսին Ղարաբաղի մասին այնպիսի բառեր են վերագրել, որ նա երբեք չի ասել

Օգոստոսի վերջում ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսերեն լեզվով հոդված էր հայտնվել առ այն, թե գերմանացի եպիսկոպոս Դր. Ֆայգեն հայտնել է, որ «Հայաստանը պետք է լքի ադրբեջանական գրավյալ տարածքները»:

Սակայն, ԳԴՀ հայկական համայնքը պաշտոնական նամակ է ստացել Մագդեբուրգի թեմից, որը հերքել է այդ տեղեկությունը, հայտնում է գերմանահայ համայնքը:

«Այն փաստը, որ հաղորդագրությունը հրապարակվել է ռուսերեն լեզվով, վկայում է այն մասին, որ փորձ է արվել մոլորեցնելու ռուսալեզու հանրությանը, առաջին հերթին սեփական ադրբեջանական ժողովրդին»,-ասվում է համայնքի հաղորդագրության մեջ:

Թեմի ուղերձում ասվում էր, որ «պնդումը չի համապատասխանում իրականությանը»: «Օտտո Կայզերի մրցանակի հանձնման ժամանակ Մագդեբուրգում եպիսկոպոսին է մոտեցել ոմն մեկը, որը ներկայացել է որպես Ադրբեջանի կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ և պնդել է, որ եպիսկոպոսը իր կարծիքը հայտնի ղարաբաղյան խնդրի մասին: Եպիսկոպոսը հրաժարվեց դա անել, քանի որ բավարար տեղեկատվության չէր տիրապետում: Նա ասաց միայն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծել խաղաղ ճանապարհով»: