AM
24 Սեպտեմբեր 2011 - 10:59 AMT

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն կարագացնի ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից

Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որևէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ու ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից, Կազանը լավագույն օրինակն էր, որ Ադրբեջանը կառուցողականությամբ շատ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են, և այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու: Եղել և մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր և գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

«Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, որն այսօր ունենք՝ իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու: Եվ պետք է բոլորս հստակ պատկերացնենք. այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռևս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձևակերպել բանակցությունների միջոցով: Միաժամանակ պետք է հասկանանք` Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»,-ասել է նախագահը: «Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը և չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի և ինչը վաստակել է իր որդիների արյամբ»,-ասել է նախագահը: