AM
28 Սեպտեմբեր 2011 - 06:37 AMT

Բելգիայում Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ համերգ է կայացել հայ ականավոր երաժիշտների մասնակցությամբ

Սեպտեմբերի 26-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները Բրյուսելի ամենահեղինակավոր Պալե Դե Բոզառ գեղարվեստի պալատում կազմակերպել էին համերգ-ընդունելություն Հայաստանի Պետական երիտասար¬դական նվագախմբի և հանրաճանաչ ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի և Կարեն Հարությունյանի մասնակցությամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար, ընդգծեց Հայաստանի կայացման գործում ժողովրդավարական և եվրոպական արժեքների անշրջելիու¬թյունը, ինչպես նաև կարևորեց համագործակցության շարունակականությունը Բելգիայի, ԵՄ կառույցների և ՆԱՏՕ-ի հետ:

Համերգին հաջորդեց անկախության տարելիցին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բելգիայում, ԵՄ կառույցներում, ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, պատգամավորներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, գործարարներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: