ԱՄՆ Սենատը հաստատել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդում է Asbarez-ը: Սեպտեմբերի 13-ին Հեֆերնի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
Հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել էր Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը: Քննարկումները հետաձգվել էին սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարել էր, որ նրան ավելի շատ ժամանակ է պետք Հեֆերնին ուղարկված հարցումների պատասխանները քննարկելու համար:
Հուլիսի 13-ի լսումներում, անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքին ամենից շատ հետաքրքրող հարցերին, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:
Մենենդեսը հիշեցրել է Հեֆերնին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմաթիվ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ն այդ իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, սակայն քաղաքական կամք չունի «ցեղասպանություն» անվանելու համար: «Ես գտնում եմ, որ շատ բարդ է դիվանագետին գործուղել մի երկիր, որտեղ նա պետք է այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ չարտասանելով «ցեղասպանություն» բառը»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով, որ Ջոն Հեֆերնը, ինչպես իր նախորդները, անպայման կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:





