AM
28 Սեպտեմբեր 2011 - 07:47 AMT

ՀՀ ԱԺ ղեկավարը գերմանական Բունդեսթագի ղեկավարին Հայաստան է հիավիրել

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:

Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և նշեց, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Բեռլին նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցությանը, որը լավ հիմքերի վրա է դրված: Պարոն Լամմերթը անհրաժեշտ համարեց Հայաստանի և Գերմանիայի միջև բոլոր ուղղություններով գործակցության խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարևորեց մեր երկրում ընթացող ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ՀՀ անկախության 20-ամյակը Բեռլինում նշելու նրա աջակցության համար և իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղեց Գերմանիայի ազգային գալիք տոնի` Միասնության օրվա կապակցությամբ:

ԱԺ նախագահը նշեց, որ մեր երկիրը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Նրա խոսքով` այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում և Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Այդ մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների հաճախակի այցելությունները:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորություն է տալիս ԵՄ Արևելյան գործընկերությանը, որը մեկնարկեց 2009 թ. մայիսին: «Մենք մտադիր ենք ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների և առանձին անդամ պետությունների հետ Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին և ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում», -նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը և Նորբերտ Լամմերթը կարևորեցին Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի համար իրականացվում է 2008 թ.-ից: Այն Հայաստանի երիտասարդների համար Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կառուցվածքին մոտիկից հաղորդակից դառնալու լավ հնարավորություն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` պարոն Աբրահամյանը նշեց, որ Թուրքիան ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս հարցում, այլ հակառակը, սկսեց առաջ քաշել նախապայմաններ, որոնք որևէ առնչություն չունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` պարոն Լամմերթը նշեց, որ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը և հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձև, որտեղ նաև նշվել և դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունը այդ հարցում: Բունդեսթագի ղեկավարը նշեց, որ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին Բեռլինում մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված արարողությանը, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը պարոն Լամմերթին հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շրջայց կատարեց Բունդեսթագի շենքում: