«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, շարունակելով պարզեցնել ուսման վարկավորման տրամադրման գործընթացը, այսուհետ վարկի տրամադրման համար նախկինում գործող 2 երաշխավորի փոխարեն կպահանջի ընդամենը 1 երաշխավոր:
Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, «համաձայն որդեգրված ռազմավարության` ավելի մատչելի և հասանելի բանկային ծառայություններ տրամադրել հաճախորդներին, Բանկը հետևողական աշխատանք է տանում վարկավորման գործընթացի բարելավման ուղղությամբ: Դրա մասին է վկայում նաև վարկավորման գործընթացի շարունակական պարզեցումը և տոկոսադրույքների մատչելի, իսկ միջնորդավճարների թափանցիկ լինելը: Համադրելով այս երկու առավելությունները` վարկի հաստատումը 1 օրում և ընդամենը 1 երաշխավորող ներկայացնելու պահանջը, վստահ ենք, որ վարկատեսակը լայն արձագանք կստանա հավանական վարկառուների շրջանակում: Գիտակցելով և կարևորելով կրթության դերը գալիք սերունդների համար` «Անելիք Բանկ» ՓԲԸ շարունակում է, ուժերի ներածին չափով, աշխատանքներ տանել կրթության հասանելիության ապահովման ուղղությամբ» – ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:
Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ և ապահովված է աշխատանքով: Անհրաժեշտ է նաև ներկայացնել համապատասխան 1 երաշխավորող, եթե վարկառուի վարկունակությունը բավարար չէ հնարավոր է նաև պահանջվի 2-րդ երաշխավորը: Վարկը տրամադրվում է մինչև 1 տարի ժամկետով, առանց գրավադրման:
Վարկատեսակի առավելություններից առանձնանում է նաև վարկի տոկոսադրույքը, որն այս պահի դրությամբ շուկայում առավել մատչելի է նմանատիպ վարկատեսակների մեջ:





