AM
1 Հոկտեմբեր 2011 - 04:16 AMT

Երևում է, Եվրոպան որոշել է լրջորեն զբաղվել իր արևելյան գործընկերներով

«Արևելյան գործընկերությունը» ինչպես ԵՄ, այնպես էլ Լեհաստանի ամենահավակնոտ նախագծերից է, որը փորձում է բարձրացնել իր հեղինակությունը և նշանակությունը «եվրոպական ընտանիքում» համընդհանուր տնտեսական անկման և եվրագոտում խուճապի ավելացման ֆոնին:

Այսօր Եվրոպան «արաբական գարնան» պատճառով տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա որոշել է իր հայացքն ուղղել դեպի Արևելք` այս կողմում «Հին աշխարհի» փրկության հնարավոր ուղին գտնելու համար:

Արևելյան գործընկերության նախագիծն առաջարկվել է 2008-ի մայիսի 26-ին Լեհաստանի արտգործնախարարի կողմից, երբ աշխարհը սկսում էր զգալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները: Այս շրջանում թվում էր, որ եվրոպական երկրների նման որոշումը կարող է գնահատվել որպես ապահովագրվելու քայլ:

Այսպես, 2009-ի մայիսի 7-ին Պրահայում` այդ ժամանակ ԵՄ-ում նախագահող երկրի մայրաքաղաքում, տեղի ուենցավ հանդիպում «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, որտեղ և մեկնարկ տրվեց այդ ծրագրին: Ինչպես նշվում է գագաթնաժողովի հռչակագրում, նախագծի գլխավոր նպատակը ԵՄ մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 երկրների հետ` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի և Բելառուսի:

Ծրագրի գործունեությունը գնահատել որպես անարդյունավետ, սխալ է, քանի որ ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք քաղաքական, տնտեսական և իրավական փոփոխություններ: Յուրաքանչյուր գործընկեր-երկիր իր չափով փորձում է հասնել ծրագրի բոլոր մասնակիցների ամենացանկալի նպատակին` ԵՄ անդամակցությանը:

«Արևելյան գործընկերության» երկրների համար որոշիչ կարելի է համարել եվրոպական երկրների ֆիասկոն, որը նրանց կրեցին Եվրագոտին փրկելու փորձերի ժամանակ, որից հետո երկրներն արմատապես անցում կատարեցին իրենց «արևելյան գործընկերների» հետ հարաբերություններն ամրապնդելու կողմը:

Այդ մասին վկայում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Նիկ Կլեգի հայտարարությունները Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ: «Ճգնաժամը մեզ երկընտրանքի առաջ է կանգնեցրել` կամ մենք առանձին ենք գործում կամ համատեղ քայլեր ենք ձեռնարկում մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է նա:

Բացի դրանից, Եվրոպայում տիրող իրավիճակի վառ օրինակ է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հայտարարությունը «Արևելյան գործընկերության» Տեխնիկական օգնության հիմնադրամին 1 մլն եվրո հատկացնելու լեհական կառավարության նախաձեռնության առիթով: «Տնտեսական այս ծանր իրավիճակում մենք ուրախ ենք լեհական կառավարության նախաձեռնության համար, որն ուղղված է ԵՄ և արևելյան գործընկերների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացմանը»,- ասել է նա:

Երևում է, Եվրոպան որոշել է լրջորեն զբաղվել իր արևելյան գործընկերներով, որոնց միջոցով կյանքի են կոչվելու տնտեսական անկումը նվազեցնելու և իրավիճակը կայունացնելու նրա ձգտումները: «Բաց շուկաները թույլ կտան նաև բարձրացնել եվրոպական տնտեսությունների մրցունակությունը»,- հայտարարում է Կլեգը:

Սակյան ամեն ինչ այնքան հարթ չէ, քանի որ «Արևելյան գործընկերության» երկրները, ցավոք սրտի, մեծամասամբ հենց իրենք են արգելքներ ստեղծում եվրաինտեգրման ճանապարհին:

Այսպես, չի կարելի չնշել Ուկրաինայում և Բելառուսում տիրող ներքաղաքական իրավիճակը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու իմպերիալիստական հայտարարությունները, և իհարկե, Ադրբեջանի ֆանտաստիկ ռազմատենչ և ամբողջատիրական նկրտումները: Հայաստանին առայժմ հաջողվում է հավասարակշռված դիրքորոշում հանդես բերել:

Կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն ավելի ակտիվ է ընգրկվելու տարածաշրջանային զարգացումների մեջ: ԵՄ քաղաքականության նման քայլով պետք չէ զարմանալ, քանի որ ԵՄ այդ միտումն ակնհայտ էր օգոստոսի կեսին, երբ արտաքին հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնն իր նոր հատուկ ներկայացուցչին նշանակեց Հարավային Կովկասում: Նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտն իրավունք ունի միջնորդական գործունեություն իրականացնել հակամարտությունների լուծման մեջ:

Բայց, միաժամանակ, ԵՄ-ն պահպանում է իրեն հատուկ վախկոտությունը հստակ դիրքորոշումերի և ձևակերպումների մեջ, ինչն ակնհայտ է դառնում Վարշավայի գագաթնաժողովի` հակամարտությունների լուծման վերաբերյալ 26-րդ կետի աղոտ ձևակերպման մեջ:

Հայտարարության համաձայն, «եվրոպական հանրությունը կոչ է արել երկրներին ձգտել առկա հակամարտությունների շուտափույթ լուծմանը, սակայն միայն համաձայնության հանգելու ճանապարհով»:

Երևում է, Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը խաղացել է իր դերը: Հայաստանը, կանխագուշակելով դեպքերի նման զարգացումը, ի դեմս Սերժ Սարգսյանի հայտարարել է թե եվրոպական, թե տարածաշարջանային մակարդակում համագործակցության պատրաստակամության մասին միայն այն պայմանով, որ ԵՄ ծրագրերը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրների հավասար զարգացումը` արտոնյալ պայմաններ չստեղծելով առանձին երկրների համար:

**

Եվրոպական առաջնորդների դրական տրամադրվածությունը հույսեր է ներշնչում դրված նպատակների իրագործման վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնել, որ այսօր բարդ դիվանագիտական խաղերը կարող են հանգեցնել գործընթացի սառեցմանը:

Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին, եթե իրատես լինել, հազիվ թե կարելի է մեծ առաջընթաց ակնկալել ինտեգրման գործընթացում, որը կապված է տարածաշրջանում իրավիճակի կայունացման հետ, ինչը շատ քիչ հավանական է մոտ ապագայում:

Ինչ վերաբերվում է ազատ առևտրի գոտիներ ստեղծելուն, ապա Հայաստանը պետք է շատ ջանքեր գործադրի ամբողջությամբ մենաշնորհացված շուկայի ձևափոխման համար, որից հետո բանակցությունները կարող են անցնել գործնական փուլ:

Գոհար Կարապետյան