AM
4 Հոկտեմբեր 2011 - 07:35 AMT

Ռուսաստանը կոչ է անում Սիրիայի ընդդիմությանը ձերբազատվել ահաբեկչական մեթոդներից

Ռուսաստանը դատապարտել է Սիրիայի գերագույն մուֆտիի որդու սպանությունը՝ հորդորելով Սիրիայի ընդդիմությանը ձերբազատվել ահաբեկչական մեթոդներից և երկխոսություն սկսել իշխանությունների հետ:

Կիրակի օրը սպանվեց 21-ամյա Սարիա Հասունը, որը սիրիացի սունիների առաջնորդ՝ գերագույն մուֆտի Ահմադ Բարեդդին Հասունի որդին էր: Գերագույն մուֆտին համարվում է երկրի նախագահ Բաշար Ասադի մերձավորներից մեկը: Նա, ինչպես և նախագահը, պնդում է, որ անկարգությունները երկրում օտարերկրյա դավադրության հետևանք են: Կիրակի օրը նաև պայթեցվել է երկաթուղին երկրի հյուսիսում, վնասվել են բեռնատար վագոններ, մեքենավարն ու նրա օգնականը վիրավորել են:

«Մոսկվան դատապարտում է ահաբեկչական գործողություններն ու վստահ է, որ ահաբեկչության մեթոդները որպես ռազմավարության մաս կարող են միայն դիմակայություն հրահրել, հասցնելով երկիրը քաղաքացիական պատերազմի, դրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ ուղերձում:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը հաստատում է իր «ահաբեկչական մեթոդներից ձերբազատվելու ու Սիրիայի իշխանությունների հետ երկխոսություն սկսելու կոչը»,-ասվում է ուղերձում: