AM
12 Հոկտեմբեր 2011 - 12:34 AMT

Կանադական Վանկուվերում ու Վիկտորիայում նշել են Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանը

Հոկտեմբերի 6-9-ը Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, որի մայրաքաղաք Վիկտորիայում հոկտեմբերի 6-ին Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի շնորհավորանքով:

Նույն օրը դեսպանը մի շարք հանդիպումներ ունեցավ նահանգային պաշտոնյաների հետ, այդ թվում Խորհրդարանի խոսնակի, Ընդերքի և բնական պաշարների, Կրթության, Բազմամշակութայնության նախարարների և մի շարք խորհրդարանականների հետ:

ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց 2006թ. նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համապատասխան բանաձև ընդունելու համար: Հանդիպումներին քննարկվեցին Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր:

Վանկուվեր քաղաքում ՀՀ դեսպանը ծանոթացավ հայ համայնքի հետ, որը թվաքանակով երրորդն է Կանադայում Մոնրեալից և Տորոնտոյից հետո, այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց: Հոկտեմբերի 8-ին Վանկուվերի «Հայ կենտրոնում» կայացավ ՀՀ Անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի հիմնական բանախոսը` Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ներկաներին դիմեց շնորհավորական ուղերձով:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 9-ին, Վանկուվերի Սուրբ Վարդան Հայկական Առաքելական Եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: