AM
13 Հոկտեմբեր 2011 - 10:48 AMT

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հրամանագրի համաձայն` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: