AM
15 Հոկտեմբեր 2011 - 07:26 AMT

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ

Արդեն ավանդական դարձած ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի երեք տասնյակ սաների` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ապագա դիվանագետներին ծանոթացրեց ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությանը, անդրադարձավ բանակցային գործընթացի ներկա իրողություններին, հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը, ապա պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

Մինչ այդ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանն ընդունել էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: