AM
17 Հոկտեմբեր 2011 - 14:02 AMT

Վլադիմիր Գասպարյանը կոչ է արել զինծառայողների հարազատներին չդրդել նրանց ապօրինի գործողությունների

Հայաստանի ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մեկնաբանել է հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարը, որի արդյունքում տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե արդյո՞ք Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորները իրավունք ունեին գտնվել Սևանի ճանապարհին՝ նա նախ ցավակցել է ավտոպատահարից մահացած ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանի հարազատներին: «Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը»,-ասել է նա:

Վ.Գասպարյանը կոչ է արել զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետևանքներով: «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»,-ասել է նա: