AM
18 Հոկտեմբեր 2011 - 04:31 AMT

Չինաստանը Ռուսաստանի համար ոչ թե թշնամի է, այլ գործընկեր, կարծում է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Առաջին ալիք», «Ռոսիա» և ՆՏՎ հեռուստաալիքների ղեկավարներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ի դեմս Չինաստանի տեսնում է ոչ թե սպառնալիքի աղբյուր, այլ հուսալի գործընկեր։ Նրա խոսքով, մոլորակի մասշտաբով պայքարի առարկա է համաշխարհային առաջատարի դերը ստանձնելը։ «Եվ այստեղ մենք Չինաստանի հետ չենք պատրաստվում վիճել։ Չինաստանն այստեղ այլ մրցակիցներ ունի։ Ահա նրանք էլ թող պարզեն իրենց հարաբերությունները»,- ասել է Պուտինը։

«Մեզ համար Չինաստանը հուսալի գործընկեր է, և մենք տեսնում ենք մեզ հետ բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու չինական ղեկավարության և չինացի ժողովրդի պատրաստակամությունը»,- հավելել է Պուտինը, որը վերջերս հերթական այցով գտնվել էր ՉԺՀ-ում։

Նրա խոսքով, Ռուսաստանի վերաբերմունքը Չինաստանի հանդեպ փոխադարձ է, և արդյունքում երկու երկրներին հաջողվում է գտնել շփման կետեր։