AM
18 Հոկտեմբեր 2011 - 06:00 AMT

Իրանի նախագահ. Թեհրանը մտադիր չէ հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ում սաուդյան դեսպանի դեմ դավադրության գործով

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ում սաուդյան դեսպանի դեմ դավադրության գործով, հայտնում է France Presse-ը:

«Ինչո՞ւ մենք պետք է հետաքննություն վարենք: ԱՄՆ-ն մշտապես ինչ-որ նոր մեղադրանքներ է ներկայացնում Իրանին: Դա սխալ դիրքորոշում է»,-ասել է Ահմադինեժադը «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում:

Ըստ Ահմադինեժադի, Իրանին ներկայացվող մեղադրանքները կոչված են ուշադրությունը շեղել Սպիտակ տան տնտեսական քաղաքականության դեմ ուղղված զանգվածային ցույցերից, որոնք արդեն շուրջ մեկ ամիս է շարունակվում են ԱՄՆ-ում: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է «ուսումնասիրել այդ հարցը, նույնիսկ եթե այն արհեստականորեն է ստեղծվել»:

Հոկտեմբերի 12-ին դավադրության բացահայտման մասին հայտնեց ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը: Ըստ նրա, դեսպանի սպանությունը նախապատրաստում էին Իրանի կառավարության որոշ խմբավորումներ: