Միջազգային հանրությունը պետք է աջակցի անկախ պետությունում Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու պաղեստինցիների ձգտմանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բեռնում կայացած մամլո ասուլիսում։
«Պաղեստինի ժողովուրդը տառապում է վերջին 60 տարիների ընթացքում։ Ամենից առաջ, այդ ժողովուրդը չի կարողացել լիովին իրագործել մարդու իրավունքները, այդ թվում՝ ազատության և սոցիալ-տնտեսական աջակցության իրավունքը։ Մենք պետք է աջակցենք անկախ և ինքնավար պետության անկեղծ ձգտմանն այն որոշման շրջանակներում, որը նախատեսում է երկու պետությունների ստեղծում, որտեղ պաղեստինցիները և իսրայելցիները կարող են կողք կողքի ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է նա։
Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը:





