AM
18 Հոկտեմբեր 2011 - 06:38 AMT

Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության 125-րդ վեհաժողովին

Միջխորհրդարանական միության նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության Ազգերի խորհրդի և Պետությունների խորհրդի նախագահների հրավերով հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռնում մասնակցեց Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի բացման արարողությանը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը և Միքայել Վարդանյանը:

Վեհաժողովի մոտ 1500 մասնակիցներին ողջունեցին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշլին Կալմի- Ռեյը, Միջխորհրդարանական միության նախագահ Թեո- Բեն Գուրիրաբը և ուրիշներ:

Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը և Միքայել Վարդանյանը մասնակցեցին Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվեցին ՄՄ-ին անդամակցությանը վերաբերող հարցեր, ներկայացվեց Միջխորհրդարանական միության 2012 թ. ծրագիրը և բյուջեի նախագիծը, 2012-2017 թթ. ռազմավարությունը և այլ հարցեր: Նիստի ընթացքում ներկայացվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ երկրների պատգամավորների մասնակցությամբ հունիսի 14-16-ին Հայաստանի խորհրդարանում կայացած երեխաների իրավունքերին նվիրված տարածաշրջանային համաժողովի արդյունքները:

ՄՄ ղեկավար խորհրդի նիստից հետո իր աշխատանքները սկսեց միջխորհրդարանական միության 125-րդ վեհաժողովը, որին մասնակցեց ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նույն օրը տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության վեհաժողովի Եվրասիա աշխարհաքաղաքական խմբի նիստը, որը նախագահում էր ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Վարդանյանը: Նիստի ընթացքում իրենց ծրագրերը ներկայացրեցին Միջխորհրդարանական միության նախագահի թեկնածուներ Ինդոնեզիայի խորհրդարանը ներկայացնող տիկին Նուրհայատի Ալի Ասեգաֆը և Մարոկկոն ներկայացնող Աբդելվահադ Ռադին: Նշենք, որ Միջխորհրդարանական միության նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին վեհաժողովի լիագումար նիստում: