AM
18 Հոկտեմբեր 2011 - 09:32 AMT

Արթուր Բաղդասարյան. Հայ-լեհական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է

Հայ-լեհական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և ունի հագեցած օրակարգ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, արդյունավետ համագործակցություն է հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության և Լեհաստանի ներքին գործերի նախարարության, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ և Լեհաստանի համապատասխան կառույցի միջև: Բաղդասարյանը նաև հաղորդել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկխոսությունը երկու երկրների միջև անվտանգության ոլորտում:

Անդրադառնալով համագործակցության հնարավորություններին տնտեսության ոլորտում՝ ՀՀ ԱԱԽ քարտուղարը նշել է, որ խոշորագույն լեհական ընկերություններից մեկը հետաքրքրվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագրով: Ըստ նրա, ամեն ինչ կարվի ծրագիրն իրականացնելու համար:

Իր հերթին Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյը նշել է, որ երկու երկրների կառույցների համագործակցությունը վերջին երկու տարիներին արդյունավետ է զարգացել: «Մենք գնահատում ենք Հայաստանի դերն ու ներգրավվածությունը միջազգային կառույցներում, խոսքը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասին է: Ինչպես Հայաստանը, այնպես էլ ողջ Հարավային Կովկասը կարևոր դերակատարություն ունեն միջազգային ասպարեզում»,-ասել է նա՝ հավելելով, որ Լեհաստանը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն առանձնակի կարևորություն են տալիս խաղաղության հաստատմանն այս տարածաշրջանում:

Կոզիեյը նաև ասել է, որ այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարի Բաղդասարյանի Լեհաստան այցի ժամանակ կկազմակերպվի համատեղ կոնֆերանս, որին կմասնակցեն պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք անմիջական մասնակցություն ունեն երկկողմ ծրագրերին:

Բաղդասարյանն ու Կոզիեյը պայմանավորվել են նաև փորձի փոխանակման վերաբերյալ, այդ թվում անվտանգության ոլորտում ռազմավարական վերլուծության ոլորտում: