Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նրա համոզմամբ` երկու երկրների ջերմ հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարևորվեց երկու խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի գործունեությունը, ինչը նոր լիցք է հաղորդում միջխորհրդարանական կապերին:
Ալի Լարիջանին ուրախությամբ փաստեց, որ Հայաստան կատարած իր պաշտոնական այցից հետո բավականին ակտիվացել է ինչպես միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով, իրականացվում են այցի ընթացքում ձեռք բերված մի շարք տնտեսական ծրագրեր և պայմանավորվածություններ: Կողմերի համոզմամբ` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում:
Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին նաև տարածաշրջանային զարգացումները, անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, կարևորեցին տարածարջանային կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը:





