Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնևում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ: Խորհրդարանի նախագահը պարոն Սրմաքեշին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգևը:
Վարդան Սրմաքեշը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ՀՀ և օտարերկրա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և կարևորեց նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը բարձր գնահատելու համար և նշեց, որ այսուհետ ևս ամեն ինչ կանի Հայաստանին օգտակար լինելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:





