Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ում կայացել են «Միջազգային համագործակցությունը տիեզերքում» խորագրով քննարկումներ, որի ընթացքում ներկայացվել է Վիեննայում տեղակայված Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի տարեկան զեկույցը: Ծավալուն փաստաթուղթում տեղ էր գտել նաև Ադրբեջանի` այդ կառույցին անդամակցելու մասին մեկ նախադասություն, որն էլ առիթ էր տվել Հայաստանի պատվիրակին քննարկման ընթացքում հարցադրում ուղղել ադրբեջանական պատվիրակությանը, թե բաց տիեզերքին վերաբերող որ միջազգային պայմանագրերին է անդամակցում Ադրբեջանը: Այդ հարցադրումը մնաց անպատասխան, Ադրբեջանի պատվիրակները տեղյակ չէին ոչ պայմանագրերից, ոչ էլ այն հանգամանքից թե ինչու են դիմել ՄԱԿ-ի այդ կոմիտեին անդամակցելու համար:
ՄԱԿ-ում այս շաբաթ կայանալիք Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամության (որին հավակնում է նաև պաշտոնական Բաքուն) ընտրությունից առաջ, նմանօրինակ անլուրջ կեցվածքը հերթական անգամ հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ անկարող է որևէ բան առաջարկել կամ ներդրում ունենալ ինչպես տիեզերքում միջազգային համագործակությանն առնչվող բաց, այնպես էլ Անվտանգության Խորհրդի միջազգային խաղաղությանն առնչվող փակ նիստերում:





