«Թույլ երկրաշարժերը կարող են կրկնվել, որոնց մեծ մասը զգալի չեն լինի մարդկանց համար։ Կա սեյսմիկ ռեժիմ, սեյսմիկ ֆոն, սակայն ուժեղ երկրաշարժեր կանխատեսելու համար հիմքեր չկան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տարածքում հոկտեմբերի 14-ին և 19-ին գրանցված երկրաշարժերին, ասել է արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։
Նա երկրակեղևի սեյսմիկ էներգիան համեմատեց եռացող թեյնիկի հետ՝ նշելով, որ յուրաքանչյուր ցնցում նման է թեյնիկի խուփը բացելուն. «Յուրաքանչյուր ցնցում լիցքաթափում է էներգիան՝ թույլը քիչ է լիցքաթափում, ուժեղը՝ մի քիչ ավելի շատ։ Սակայն աշխարհի ամենաուժեղ երկրաշարժն անգամ լիցքաթափում է սեյսմիկ էներգիայի ընդամենը 2-3 տոկոսը»։
Պետրոսյանը նշեց, որ խուճապի կարիք չկա՝ հավելելով, որ եթե վտանգ լինի, իրենք առաջին հերթին կիրազեկեն հանրությանը. «Եթե Սիրուշ տոտան 5-րդ հարկից խալաթով գալիս է ու հայտարարում, թե «ժողովուրդ, կես ժամից երկրաշարժ է լինելու», ես հարց եմ տալիս՝ որտեղից նա այդ մասին գիտի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ունենք 150 դիտարան ՀՀ ողջ տարածքում և Արցախում, մենք ենք կատարում ընթացիկ սեյմիկ վիճակի գնահատում։ Մնացած բոլորը հիմքեր չունեն նման հայտարարություններ անելու համար և չեն էլ կարող ունենալ»։
Հոկտեմբերի 19-ին ՀՀ տարածքում ժամը 19.19–ին 3.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում`Մասիս քաղաքից 7 կմ հարավ: Այս տեղեկությունները արձանագրել է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցը։
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։





