Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Մոսկվա:
Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն զբաղեցնում է 1,32 հա տարածք: Հաստատված նոր նախագծով բուն շինարարական աշխատաքներն սկսվել են 2006 թվականից: Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Համալիրի զարդը տուֆակերտ Մայր Տաճարն է` գոտևորված խաչերով, զարդաքանդակներով, մեսրոպատառ գրերով, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:





