ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին եւ կառույցի հրավերով Հայաստանում գտնվող Երեխայի իրավունքների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Յաապ Դոյքին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Փոխվարչապետը նախ շնորհավորեց տկն Ահրենսին` Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վերջին շրջանում UNICEF –ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, ձեւավորվել է համատեղ աշխատանքի հարուստ փորձ եւ հույս հայտնեց, որ գործակցությունը կշարունակվի:
Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին առավել մեծ ուշադրություն է դարձվում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին, տարբեր ոլորտներում դրանց ուսումնասիրությանը: «Աշխատանքները փորձում ենք այնպես կազմակերպել, որպեսզի պետական ուշադրությունից ոչ մի երեխա դուրս չմնա»,- նշեց փոխվարչապետը` ներկայացնելով կատարված աշխատանքները: Մասնավորապես` մարզպետարաններում ձեւավորվել են երեխաների հիմնահարցերով զբաղվող բաժիններ, այս տարի ուսումնասիրություններ են կատարվել` դրանց հետագա աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում իրականացվել է երեխաների հաշվառում: Նա բարձր գնահատեց այս ոլորտներում UNICEF-ի եւ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որով փորձ է արվում ներդնել սոցիալական մեկ ընդհանուր ընդունարանի գաղափարը: Նա նշեց, որ բավական աշխատանք կա կատարված, մեծ ծավալի աշխատանքներ ընթացքում են, եւ առկա են մեծ սպասելիքներ: Այդ գործընթացում Հայաստանի իշխանություններն ակնկալում են նաեւ գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:





