AM
27 Հոկտեմբեր 2011 - 09:57 AMT

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելական ինքնաթիռները հոկտեմբերի 27-ի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Այդ մասին հաղորդում է The Jerusalem Post-ը, մեջբերելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության հայտարարությունը։ Ռմբակոծությունների ընթացքում ոչնչացվել են գրոհայինների երեք բազաներ և զինապահեստ, տուժածների թվի մասին տեղեկություններ չկան։

Ինչպես հայտարարում են իսրայելցի զինվորականները, Գազայում օբյեկտների վրա հարձակվելը դարձել է Իսրայելի վրա հրթիռային հարվածների պատասխանը, որոնք հասցվել են հոկտեմբերի 27-ին։ Պաղեստինի տարածքներից բաց են թողնվել «Գրադ» համակարգեր, որի պատճառով Թել Ավիվի արվարձաններում օդային տագնապ է հայտարարվել, գրում է Lenta.ru-ն։

Գազայի հատվածում իրավիճակը սրվել է 2011-ի օգոստոսին։ Օգոստոսի 19-ին ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարը դադարեցնելու մասին, որը տևել է երկու տարի։ Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան իսրայելցի զինվորականների գործողության, որը ձեռնարկվել է Էյլատ քաղաքում ահաբեկչությունների շարքից հետո։