Հայաստանի Ռամակավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային Հաագայի դատարան: Ըստ ՀՌԱԿ-ի, այս ամենի համար հիմք կընդունվի այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունը հանդիսանում է հայ ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած պետական կառույց, որն արտահայտվել է 1988-1994 թթ. ընթացքում Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի զտումների, ջարդերի ու սպանդների, հայերի գույքը թալանելու, պատմամշակութային արժեքները ոչնչացնելու միջոցով եւ այդ գործողություններն իրականացրել է պետական կառույցների` բանակի, տրանսպորտի ու կապի, ոստիկանության եւ կազմակերպված խուժանի միջոցով, որոնք բանտերից ազատվել էին սպանդ իրականացնելու համար:Ինչպես ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ, դա անհրաժեշտ է անել հաշվի առնելով Ադրբեջանի 2012 թվականից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կազմի մեջ ընտրվելու փաստը, ինչպես նաև ԼՂՀ-ի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը զուգահեռ:
ՀՌԱԿ-ը նաև առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը անհապաղ օրակարգի հարց դարձնի եւ ընդունի «ՀՀ Օրենք՝ 1988-1994 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ իրականացրած ցեղասպանության, իսկ մերժման դեպքում` քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»: Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կողմից 1948 թ.-ին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ այն պատժելու մասին», ինչպես նաեւ 1968 թ.-ին ընդունված «Մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները, անհապաղ համախմբել հայկական կողմի միջազգային իրավունքի մասնագետներին, պետաիրավագետներին եւ անհրաժեշտ մասնագետներին (օգտագործելով նաեւ սփյուռքի հնարավորությունները) իրավաբանորեն գրագետ ձեւակերպվելիք դատական հայցի շուրջ` Հաագայի Միջազգային Դատարան դիմելու համար: Ընդ որում, հայցում պարտադիր նշել, որ ԼՂՀ-ի շուրջ ազատագրված անվտանգության գոտի հանդիսացող տարածքները պահանջել որպես փոխհատուցում` հայերի հանդեպ կատարված ցեղասպանության դիմաց:
«Հարկավոր է աշխարհասփյուռ հայկական հասարակական-քաղաքական ընտրանին ենթարկել զորաշարժի՝ ընդդեմ մարդկության հանդեպ 1988-1994 թթ. ադրբեջանական կառավարությունների իրականացրած հանցագործությունների` հիմք ընդունելով Միացյալ Ազգերի կազմակերպության ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ընդունած կոնվենցիաները»,-ասվումէ կուսակցության հաղորդագրության մեջ:





