Վրաստանը պատրաստ է դրական հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն Թբիլիսիում անվտանգության ու պաշտպանության գծով միջազգային խորհրդաժողովի բացմանը:
«Բնականաբար, դա տեղի կունենա, եթե ՌԴ-ն հարգի «Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է նա:
Ըստ Բարամիձեի, չնայած բոլոր ջանքերին, «Մոսկվան արգելափակում է դիտորդների առաքելության աշխատանքը Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում»:
«Դա միակ միջազգային առաքելությունն է, որն աշխատում է Վրաստանում և աջակցում է կայունության ամրապնդմանը հակամարտության տարածաշրջաններում: Սակայն, նրան թույլ չեն տալիս մուտք գործել գրավյալ տարածքներ»,-ասել է նա:
Իր ելույթում փոխվարչապետը կրկին նշել է, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, ինչը նրա անվտանգության երաշխիքն է: Այդ առնչությամբ նա կարևորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցը:
Ըստ Բարամիձեի, Վրաստանն արդեն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության ապահովման գործում:





