Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ԱԱԽ մամլո գրասենյակը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ 2010թ. ստորագրված «Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրով նախատեսված հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը բնականոն հունով առաջ է գնում: Արթուր Բաղդասարյանն իր գոհունակությունն է հայտնել ռազմաարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի կապակցությամբ` ընդգծելով հայկական և ռուսական ռազմատեխնիկական ձեռնարկությունների փոխադարձ ինտեգրման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նորմատիվային բազաներում համապատասխան փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի երկու երկրների ձեռնարկությունների միջև համագործակցության առավել պարզեցմանը:
Ի լրումն, կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում պարոն Բիրյուլինը և ՀՀ Պաշտպանության փոխնախարար Ա. Միրզաբեկյանը ներկայացրել են հանձնաժողովի նիստի արդյունքները:





