AM
28 Հոկտեմբեր 2011 - 13:51 AMT

ԵՊՀ ռեկտոր. Ծխելը խիստ եսասիրական գործողություն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է«ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» ծրագիրը։

«Մենք՝ բոլոր չծխողներս, պետք է պայքարենք, որպեսզի մեզ շրջապատող միջավայրը ծխից զուրկ լինի։ Ցավոք, այսօր մեր հասարակության շուրջ 64 տոկոսը համարվում է ծխող, ինչը բավականին մեծ թիվ է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ թիվը նվազի, և հասարակությունը մաքուր միջավայրում ապրելու հնարավորություն ունենա»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։

Ըստ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, ծխելը խիստ էգոիստական գործողություն է. այն վնասում է ոչ միայն ծխողին, այլև շրջապատին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը համալսարանի ուսանողներին տեղեկացրել է, որ ծխախոտն ու նրա ծուխը պարունակում են շուրջ 3000 քիմիական միացություններ, որոնցից 60-ը քաղցկեղածին են, հեշտորեն վնասում են բջջանյութին՝ դրանով իսկ քաղցկեղային ուռուցքի աճ առաջացնելով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի։ Ծխախոտ օգտագործելը կարող է դառնալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ։ Ըստ հետազոտությունների, 2030թ. վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը, և ծխախոտը կհամարվի մահացության ամենատարածված պատճառը։

«Հայաստանում տղամարդկանց մոտ 70 տոկոսը ծխում է, ծխող կանանց թիվը տարեցտարի աճում է։ Մեր հանրապետությունում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 3000 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում ծխախոտի գնի 10 տոկոս աճը կարող է բերել դրա կիրառման 8 տոկոս նվազման։ Թեև ծխելը կախվածություն է և թմրամոլության տեսակ, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց հաջողվել է թողնել այն։ Կարծում եմ՝ նման միջոցառումները կօգնեն ձևավորել առողջ հասարակություն»,- եզրափակել է Արուսյակ Պողոսյանը։