«Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ ՌԴ քաղաքացի, «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ արտասահմանյան վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանին, առանց որևէ բացատրության, գրում է «Կոմերսանտ» թերթը: «Նրան հասկացրել են, որ մերժումը կապված է նրա հայկական ազգանվան հետ և այժմ նա չի բացառում, որ կարող է դատարան դիմել»,-գրում է հոդվածի հեղինակ Անդրեյ Կոզենկոն:
Մարդու իրավունքների խախտման մասին հարցին իրավապաշտպաններն ասում են, որ այն, որ հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, «ոչ թե բացառություն է, այլ միտում»:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը վրդովված է Գյուրջյանի հետ կատարված միաջդեպով՝ բնութագրելով այն որպես «ամենաթողություն»:
Ոչ «Ադրբեջանական ավիաուղիները», ոչ «ԱվտոՎԱԶ»-ը չեն մեկնաբանել սկանդալը:
Սերգեյ Գյուրջյանը պետք է մասնակցեր Բաքվում Lada ավտոսրահի բացմանը: Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ին եկել է «Դոմոդեդովո» և փորձել է գրանցվել «Ադրբեջանական ավիաուղիներ» J2 853 չվերթի համար: Նրան մերժեցին՝ բացատրելով, որ «կա ղեկավարության հրահանգ՝ հայկական ազգանուններով ուղևորների չգրանցել»:
2010թ. ադրբեջանցի սահմանապահները հրաժարվեցին քաղաք թողնել հայկական ազգանունով «Աերոֆլոտի» ստյուարդին: Այս տարվա մայիսին «Ադրբեջանական ավիաուղիները» թույլ չտվեցին ինքնաթիռ նստել Յուրի Մանասյանին, որը պատրաստվում էր մեկնել Դուբայ Բաքվի տարածքով:





