AM
1 Նոյեմբեր 2011 - 13:52 AMT

Մարկ Մեյրովից. Ղարաբաղի հարցի ընդգրկումը ՄԱԿ ԱԽ օրակարգում, ցանկալին որպես իրողություն ներկայացնելու փորձ է

Հայտնի ամերիկացի քաղաքագետ և իրավաբան Մարկ Մեյրովիցը գտնում է, որ Ադրբեջանը, որպես ՄԱԿ ԱԽ նորընտիր անդամ, պետք է «հենց այս պահից» սկսի լուծել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ստանալու համար միջազգային հանրության վստահությունն ու գերտերությունների աջակցությունը: «Ինչպես ցույց է տալիս ամերիկյան փորձը, խոսքի ազատության ապահովումը լուծում է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Ադրբեջանը կարող էր շատ բան սովորել այս հարցում»,-ասել է նա:

Անդամակցությունը ՄԱԿ ԱԽ-ին կնշանակի, որ Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրվի, ասել է նա Turan-ի վաշինգտոնյան թղթակցին: Ընդ որում, Բաքուն պետք է զգույշ պահի իրեն, խուսափելու համար բախումներից «Մեծ հնգյակի», հատկապես ԱՄՆ-ի ու ՌԴ հետ»,-ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնելուն, ապա, ըստ Մեյրովիցի, դա ցանկալին որպես իրողություն ներկայացնելու փորձ է: «Այդ առումով շարունակում է վճռորոշ մնալ ԱՄՆ–ի ու Ռուսաստանի ազդեցությունը, ուստի այդ հարցի լուծումը, հավանաբար, կմշակվի ՄԱԿ ԱԽ կոնտեկստից դուրս»,- գտնում է ամերիկացի քաղաքագետը: