Նոյեմբերի 2-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանին ընդունեց Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Ճապոնիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման հեռանկարները, ընդգծվեց երկու երկրների քաղաքական շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության արժանացավ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012թ. ընթացքում կայանալիք միջոցառումների, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ուղղվածությամբ համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Էտոյի հավաստմամբ` երկրի քաղաքական շրջանակները բարձր են գնահատում Հայաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները և երախտագիտությամբ են ընդունել մարտին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցությունը:





