Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վարշավայում հանդիպեց Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետա Բիենկովսկայայի հետ, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:
Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-լեհական միջպետական կանոնավոր հարաբերությունների առնչությամբ` նկատելով, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակով փոխվստահելի քաղաքական երկխոսություն: Նշվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու համար:
Երկուստեք նշվեց, որ առկա առեւտրաշրջանառության ծավալը չի գոհացնում կողմերին: Միաժամանակ արձանագրվեց, որ տնտեսական համագործակցության բնագավառում առկա ներուժի իրացման համար ձեւավորված է իրավապայմանագրային լավ հիմք: Կարեւորվեց Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակում քննարկվում են փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Երկկողմ շփումների ակտիվացմանը կնպաստի նաեւ լեհական LՕT ավիաընկերության կողմից իրակացվող Վարշավա-Երեւան չվերթը:
Անդրադառնալով ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին` փոխվարչապետն ընդգծեց, որ այն նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի եւ Եվրամիության ու կառույցի անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Բարձր գնահատելով այս ծրագրում Լեհաստանի կարեւոր ներդրումն ու դերակատարությունը` նա հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում լեհական փորձի կիրառմանն առնչվող հարցեր: Է. Բիենկովսկայան շնորհավորեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ` համակարգի հետագա բարեփոխումների գործում աջակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն իր հերթին նշեց, որ ապակենտրոնացման լեհական փորձն օգտակար կարող է լինել Հայաստանում ՏԻ ոլորտի բարեփոխումների համար: Դրական գնահատելով երկու նախարարությունների միջեւ սկիզբ առած գործակցությունը եւ 2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը` կողմերը կարեւորեցին այն առավել գործնական եւ ակտիվ դարձնելու անհրաժեշտությունը:
Երկուստեք կարեւորվեց նաեւ երկու երկների ռեգիոնների միջեւ ուղիղ շփումների հաստատման եւ զարգացման, նրանց միջեւ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Նշվեց, որ այս ոլորտում արդեն առկա է համագործակցության փորձ. Հայաստանի մի շարք մարզեր եւ քաղաքներ համագործակցում են Լեհաստանի տարածքային միավորների հետ, եւ առկա են կապերը խորացնելու լավ նախադրյալներ: Դրական համարվեց Երեւանի եւ Վարշավայի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացումը:





