Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի մասին իր զեկույցում հայտարարել է, որ Իրանը մինչև 2003 թվականը աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տեղեկացնում է Reuters գործակալությունը
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթի, գործունեության մի քանի տեսակներ, հնարավոր է, դեռևս շարունակվում են Իրանում: «Գործակալությունը լրջորեն մտահոգված է Իրանի միջուկային ծրագրերի հնարավոր ռազմական ասպեկտով»,- զեկույցից մեջբերում է անում France-Presse գործակալությունը:
Իսլամական Հանրապետությունը աշխատանքներ է տարել միջուկային զենքի մշակման ուղղությամբ, իրականացրել է հետազոտական և փորձարարական ծրագրեր այս ոլորտում: ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան պետություններ կասկածում են, որ Իրանը միջուկային զենքի փորձարկման աշխատանքներ է տարել համաշխարհային ատոմային ծրագրի քողարկման տակ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ողղված է բացառապես իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:
Վերոնշյալ զեկույցի հրապարակման մասին սեպտեմբերի կեսերին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Այս տեղեկության բացահայտումը, ինչը պնդում էին ԱՄՆ-ն,Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարող է հանգեցնել Իրանի հանդեպ հերթական պատժամիջոցի հերթական փաթեթի քննարկմանը ՄԱԿ Անվտանգության Խորհրդի շրջանակներում: Ռուսաստանը և Չինաստանը, հակառակը, զգուշացնում են Ամանոյին չհիմնավորված շտապողականությունից: Թեհրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերլուծության ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն առաջնորդվում է քաղաքական նկատառումներով:





