Թուրքիան շտապ տարհանել է իր դիվանագետների ընտանիքներին Սիրիայից: Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ցուցարարները քարկոծել են դեսպանատունը: Տուժել է նաև Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, որտեղ ցուցարարները ավերածություններ են կատարել ու ծեծել պահակազորին:
Անկարգությունները Սիրիայում սկսվեցին, երբ նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ժամանակավորապես դադարեցրեց այդ երկրի անդամակցությունը ԱՊԼ-ին, քանի որ Դամասկոսը չի պահպանում երկիրը ճգնաժամից դուրս բերելու պարտավորությունները:
Սիրիացիներին վրդովվեցրել է ԱՊԼ այդ որոշումը: Ի նշան աջակցության նախագահ Բաշար Ասադին փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Սիրիան պահանջել է ԱՊԼ-ից արտահերթ գագաթաժողով գումարել, ելք գտնելու համար ճգնաժամից:
Հակակառավարական բողոքները Սիրիայում սկսվել են 2011թ. սկզբից: Այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, շուրջ 3500 մարդ է զոհվել:





