Նոյեմբերի 17-ին Նյու Յորքում Արցախի Հանրապետության նահագահ Բակո Սահակյանի պատվին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանային մարմնի կողմից կազմակերպվել է հանդիսավոր ճաշկերույթ, որին հրավիրված էին հայ համայնքի ներկայացուցիչները:
Նախագահ Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր անկախ պետության զորացման գործում` այս տեսանկյունից բոլոր հաջողությունների գրավականը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Բակո Սահակյանը կարեւորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` այն որակելով որպես ներհայկական միասնականության պրակտիկ ամրապնդման ամենակարեւոր օղակներից մեկը:
Ինչպես հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:-





