Ռուսաց լեզվի գիտելիքների թեստավորման արժեքը մոտ 2,5 հազար ռուբլի է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարեց Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նա ավելացրեց, որ հավաստագիրը կարելի է ստանալ կամ ՌԴ-ում, կամ այն երկրի տարածքում, որտեղից միգրանտը ժամանում Է, որտեղ նույնպես կաշխատեն ռուսաստանցի մասնագետներ:
Այժմ Ռուսաստանի բուհերին եւ արտասահմանյան կրթական հաստատություններին կից ստեղծված է ավելի քան 160 կենտրոն, որոնք իրավունք են ստացել անցկացնելու ռուսերենի՝ որպես օտար լեզվի օտարերկրացի քաղաքացիների պետական թեստավորում: Պետդուման նոյեմբերի 22-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել Է օրինագիծ այն աշխատանքային միգրանտների կողմից ռուսաց լեզվի պարտադիր իմացության մասին, ովքեր աշխատում են բնակա-կոմունալ տնտեսությունում, առևտրի եւ կենցաղսպասարկման ոլորտում: Օրինագիծը սահմանում է, որ Ռուսաստանում աշխատող միգրանտների կողմից ռուսաց լեզվի իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթերով՝ ատեստատով կամ բուհի դիպլոմով, որոնք ԽՍՀՄ-ում տրվել են մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը կամ Ռուսաստանի տարածքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 1-ից հետո: Ռուսաց լեզվի իմացությունը նաև կարելի է հաստատել ռուսաց լեզվից պետական թեստավորում անցնելու մասին հավաստագրով: Գիտելիքների ծավալը պետք է լինի ռուսաց լեզվի տիրապետման տարրական մակարդակից ոչ ցածր:





