AM
23 Նոյեմբեր 2011 - 07:31 AMT

Էդվարդ Նալբանդյանը միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել չեխ սենատորների հետ

Նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում է ունեցել Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Չեխ սենատորները բարձր գնահատեցին Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Սենատորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նոյեմբերի 22-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում:

Օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին: