AM
23 Նոյեմբեր 2011 - 12:59 AMT

Աբդուլահ Գյուլ. Սառեցված հայ-թուրքական հարաբերությունները դժվար է հալեցնել

Սառեցված հայ-թուրքական հարաբերությունները դժվար է հալեցնել: Այդ մասին Լոնդոնում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, գրում է Stargazete:

«Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում: Կար մի բարենպաստ պահ, սակայն ես այն կարծիքի եմ, որ մենք չկարողացանք ամեն ինչ համաձայնեցնել»,- նշեց Գյուլը, միաժամանակ ընդգծելով, որ ամեն ինչ չէ, որ կորած է:

Անդրադառնալով հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի Հրանտ Դինքի սպանության գործին՝ Գյուլը ասաց, որ նա Պետական բողոքարկման խորհրդին տվել է իր հանձնարարականը անել հնարավորինս ամեն ինչ սպանությունը լիարժեք բացահայտելու համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008 թ-ի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009 թ-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկների խորհրդարանի կողմից:

2011 թ-ի օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, ըստ կանոնակարգի, հանվել են թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չեն դիտարկվել մեկ գումարման ընթացքում, բայց հոկտեմբերին նորից մտել են խորհրդարանի օրակարգը:

«Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007 թ-ի նոյեմբերի 19-ին սպանվեց իր խմբագրության առաջ: 17-ամյա Օգյուն Սամաստը, մեղադրվող սպանության մեջ, հանձնվել է սպանությունից 32 ժամ հետո և ձերբակալվել: 2011 թ-ի ամռանը Ստամբուլի դատարանը դատապարտել է Սամաստին 23 տարի ազատազրկման: Լսումների ընթացքում Սամաստը հայտարարում էր, որ դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: