ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մեկնաբանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկվա հայտարարությունը Արևելյան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի մասին՝ հայտարարելով, որ չափազանց հիասթափված է Ռուսաստնի սպառնալիքներից: Ըստ նրա, իրավիճակը հիշեցնում է անցյալը և չի նպաստի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմավարական հարաբերությունների կառուցմանը: «Համագործակցությունն է ճանապարհը դեպի ապագա, ոչ թե առճակատումը»,-փոխանցում է Ռասմուսենի խոսքերը Բի-բի-սիի ռուսական ծառայությունը:
Իր հերթին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Կրեմլը չի հետևի ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի օրինակին՝ հավատալով արևմտյան երկրների բանավոր հավաստիացումներին: «Մոսկվան անհապաղ իր մարտական կազմում կընդգրկի ռադիոլոկացիոն կայան Կալինինգրադում»: Նա նաև սպառնացել է Արևմուտքին բալիստիկ հրթիռներով:





