AM
20 Դեկտեմբեր 2003 - 17:04 AMT

ՀՈՒՆԱԿԱՆ OTE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունական հեռահաղորդակցային «OTE International» ընկերությունը բանակցություններ է վարում հայ-հունական «ԱրմենՏել» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի կապակցությամբ: Այդ մասին «Reuters» գործակալությանը հայտարարել է «OTE»-ի նախագահ եւ գլխավոր կառավարիչ Լեֆտերիս Անտոնակոպուլոսը: Մինչդեռ, ինչպես տեղեկացրել են Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, «OTE»-ն չի կարող վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը` առանց հայկական կողմի նախնական համաձայնության: Նշենք, որ ներկայումս երեւանյան դատարաններից մեկում պատրաստվում է «ԱրմենՏելի» դեմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հայցի քննարկումը: Հիշեցնենք նաեւ, որ սա «OTE»-ի ղեկավարության իրենց բաժնետոմսերի վաճառքի մասին առաջին հայտարարությունը չէ: Ինչպես նշում են միջազգային դիտորդները, ամեն անգամ, երբ «OTE» ընկերության շուրջ ստեղծվում է նրբանկատ իրավիճակ, ընկերությունը ԶԼՄ-ների միջոցով տարածում է լուրեր` «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի մասին: