AM
30 Նոյեմբեր 2011 - 10:15 AMT

Արցախը շահագրգռված է բիզնեսի կառավարման ժամանակակից մեթոդների կիրառման մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին այցելել է Բուենոս Այրեսում տեղակայված «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություն եւ ծանոթացել նրա կողմից մշակված բիզնեսի կառավարման մեթոդներին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է բիզնեսի կառավարման ժամանակակից մեթոդների կիրառման մեջ եւ այդ համատեքստում կարեւորել ընկերության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նույն օրը այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար: Տաճարի բակում նախագահը ծաղկեպսակներ է դրել Մեծ եղեռնի զոհերի եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձաններին: Այնուհետեւ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի եւ թեմական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի եւ Սփյուռքի միջեւ համագործակցության հարցերին:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահը այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Մարի Մանուկյան» կրթական հաստատություն եւ հանդիպել միության ղեկավար կազմի հետ: Նախագահ Սահակյանը չափազանց կարեւոր է համարել Սփյուռքում մատաղ սերնդի հայեցի կրթությունն ու դաստիարակումը եւ այս համատեքստում շնորհակալություն հայտնել «Մարի Մանուկյան» կրթական հաստատության ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար:

Բակո Սահակյանը Բուենոս Այրեսի հայկական Սիրանուշ սրահում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ արգենտինահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում Արցախի շենացման եւ ԼՂՀ-ն Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Հանրապետությանը հայ ժողովրդի ու մեր հայրենակիցների հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքի համար:

Բակո Սահակյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Հարավային Ամերիկայի շրջանային վարչության ղեկավար կազմերի եւ անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Հարավային Ամերիկայի շրջանային վարչության Բուենոս Այրեսի տարեցների հանգստյան տուն: Նախագահ Սահակյանը կարեւորել է հայ տարեցների խնամակալության ՀՕՄ-ի նախաձեռնությունը` այն համարելով ավագ սերնդի հանդեպ հարգանքի եւ հայրենասիրության դրսեւորում

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: