AM
5 Դեկտեմբեր 2011 - 09:02 AMT

Հայաստանը Գաբորոնեում մասնակցել է ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բոթսվանայի Հանրապետության մայրաքաղաք Գաբորոնեում Համաշխարհային բնակի կողմից «Հյուսիս-Հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպված ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել են Բոթսվանայի, Լեսոտոյի, Հայաստանի, Մավրիտոսի կառավարությունների, ինչպես նաև համաշխարհային ադամանդագործության արդյունաբերությունում հայտնի կազմակերպությունների, մասնավորապես` «Դե Բիրս», «Ռոզի Բլյու», «Հարրի Ուինսթոն» և այլ ընկերությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել ադամանդագործության վերամշակման ոլորտում փորձի փոխանակման, ոլորտի զարգացման գործում պետության դերի և նշանակության, ինչպես նաև ադամանդագործության արդյունաբերության համաշխարհային զարգացման դինամիկայի և կանխատեսումների շուրջ:

Հայկական պատվիրակությունը համաժողովին հանդես է եկել հետևյալ առաջարկությամբ. նմանօրինակ միջոցառում կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետությունում` այդպիսով հնարավորություն ընձեռելով մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղում ծանոթանալու հայկական ադամանդագործության ոլորտի ներուժին և կարողություններին: