Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, ՌԴ Պետդումայի ընտրությունները որակել է որպես ոչ բավարար մրցունակ և նշել է ձայների հաշվարկման ընթացքում գրանցված հաճախակի խախտումները:
«Ընտրությունների օրը քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն ձայների հաշվարկման ընթացքում ընտրության որակը փոխվեց, ինչը բնութագրվում է հաճախակի ընթացակարգային խախտումներով և մանիպուլյացիաներով, որոնք ներառում են քվեաթերթիկների լցոնման նախանշաններ»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարությունում:
Չնայած բոլորի համար «խաղի կանոնների» հավասարության բացակայությանը, Պետդումայի ընտրություններում ռուս քաղաքացիները կարողացել են իրացնել իրենց ընտրական իրավունքը և իրենց ընտրությունը հասցնել պետությանը, եզրակացրել են ԵԱՀԿ միջազգային դիտորդները:
Դիտորդների կարծիքով, Ռուսաստանում կայացած ընտրությունները տեխնիկական առումով լավ էին կազմակերպվել, սակայն գրանցվել են «պետության և իշխող կուսակցության ներաճում, քաղաքական կայացվածության սահմանափակություն և արդարության պակաս»:
ԵԱՀԿ-ն մատնանշում է, որ մի շարք կուսակցությունների ընտրություններին մասնակցելու թույլտվության բացակայությունը, նեղացրել է մրցակցային դաշտը, իսկ ընտրական գործընթացը «ուղղվել է» հօգուտ իշխող կուսակցության: ԵԱՀԿ առաքելությունը նշում է նաև ընտրությունների՝ ԶԼՄ-ում լուսաբանման նախապես կաշառված լինելու փաստը և ընտրական գործընթացների տարբեր մակարդակներում իշխանությունների միջամտությունը: Միևնույն ժամանակ, ընտրությունների օրենսդրական հիմքը մի շարք ասպեկտներում լավացել է, իսկ հեռուստատեսային բանավեճերը կուսակցություններին թույլ են տվել ընտրազանգվածի առջև հավասար ծավալով հանդես գալ, խոստովանում է ԵԱՀԿ-ն:
«Անցած ընտրությունները նման էին խաղի, որտեղ որոշ խաղացողների ընդհանրապես արգելված էր խաղադաշտ դուրս գալ, իսկ վերջինս այնպես էր դասավորված, որ առավելությունը տրվի միայն մեկ մասնակցի»,- հայտարարել է ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի ընտրությունների մոնիտորինգի առաքելության ղեկավար Հայդի Տալյավինին:
«Սպրավեդլիվայա Ռոսիան» արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ Սանկտ Պետերբուրգում և Աստրախանում կայացած Օրենսդիր ժողովում: «Մեր կուսակցությունը չի ճանաչում ընտրության արդյունքները. դրանք մեծ կեղծիքներով են անցկացվել»,- հայտարարել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, հայտնում է ՌԲԿ-ն:





