Դեկտեմբերի 5-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը ստորագրել են 2006թ.-ին կնքված պայմանագրի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին Հավատարմագրային կառավարման պայմանագիր:
ՏԿՆ-ից հայտնում են, որ «Հայփոստ»-ի կողմից նախատեսված ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել, մասնավորապես կառավարման 5 տարիների ընթացքում 250 փոստային բաժանմունքներից վերանորոգվել են ընդամենը 84-ը, ներդրվել է ունիվերսալ ծառայությունների մի մասը: Ըստ նախարարի, կատարված աշխատանքները բավարար չեն փոստային նորմալ ծառայությունների մատուցման համար:
Վարդանյանն առաջարկել է փոխել կառավարման ձևը, ինչը հնարավորություն կտա նոր պայմանագրով ներդրումներ կատարել ոչ միայն «Հայփոստ»-ի շահույթի, այլև նոր ներդրումների հաշվին, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ արդիական փոստ` վերանորոգված բաժանմունքներով, ունիվերսալ ծառայությունների ամբողջ ցանկով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և նոր կադրերի համալրմամբ, հակառակ դեպքում կքննարկվի պայամանագրի կամ վերանայման, կամ` լուծման հարցը:





