Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի գործունեությունը չի կարելի բավարար համարել: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը «Անկախության 20-ամյակ. Նվաճումներն ու դժվարությունները առաջադեմ, արդար ու դինամիկ պետական շինարարության» թեմայով միջազգային խորհրդաժողովում, որն անցնում է Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ աջակցությամբ:
Մեհտիևը նշել է, որ առկա իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել: «Համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ ադրբեջանական ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Երբեմն, մարդկանց մոտ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ միջազգային միջնորդները լուրջ ջանքեր չեն գործադրում կարգավորման համար»: Ներկայիս ստատուս-կվոն ամենամեծ սպառնալիքն է ապագա խաղաղության ու այս տարածաշրջանում արդար հասարակության ձևավորման համար,-ասել է նա:





