AM
7 Դեկտեմբեր 2011 - 11:49 AMT

Մոսկվայում նախօրեին ձերբակալվել են բողոքի ակցիայի 600 մասնակիցներ

Մոսկվայի «Տրիումֆալնայա» հրապարակում նախօրեին ձերբակալվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ չթույլատրված բողոքի ակցիայի 600 մասնակիցներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով օրինապահ մարմինների տվյալներին: Ավելի վաղ խոսվում էր 300 ձերբակալվածների մասին: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ դեռևս գտնվում են ոստիկանական բաժանմունքներում: Հաղորդվում է, որ մի քանի մարդ ձերբակալության ընթացքում դաժանորեն ծեծի են ենթարկվել և նրանց բժշկական օգնություն է պետք եղել:

Պետերբուրգում նույն ակցիայի շրջանակներում նախօրեին ձերբակալվել է 250 մարդ:

Ինտերնետում և սոցիալական ցանցերում հայտնվել են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ընտրախախտումների դեմ բողոքի անցկացման մասին կոչեր: Այդ իրադարձություններին նվիրված խմբերում, արդեն ելույթ են ունեցել հազարավոր օգտատերեր: Դեկտեմբերի 10 Մոսկվայի կենտրոնում նախատեսված է հանրաահավաք, որը կազմակերպում է «Սոլիդարնոստ» շարժումը: