Հայաստանը ընդլայնում է պետություն-գործընկերների թիվը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այդ մասին «Իզվեստիա» թերթին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը եւ Ադրբեջանի դիրքորոշումը, Ռուսաստանը բավականին զգուշորեն է մոտենում Հայաստանին զենքի որոշ տեսակների վաճառքի հարցերին: Դրանից ելնելով` մենք ռազմատեխնիկական համագործակցություն ենք հաստատում նախկին Խորհրդային Միության մի շարք երկրների, Արեւելյան Եվրոպայի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է Ս.Սարգսյանը: Այսպես, առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը մտադիր է արդիականացնել կապի միջոցները, հիմնականում, ԱՄՆ-ում գնումներ կատարելու հաշվին, ասել է նա: Ընդ որում նախարարը ընդգծել է, որ այդ դիրքորոշմանը ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում: «Մենք մերձավոր դաշնակիցներ ենք, իսկ դա նշանակում է, որ երկու գործընկերներին էլ ձեռնտու է, որպեսզի մյուս գործընկերն ավելի ուժեղանա: Այդ գործընթացը մենք սկսել ենք մեկ տարի առաջ, եւ այդ հարցում ես հանդիպեցի ռուս գործընկերների լիակատար ըմբռնմանը»,- նշել է Ս.Սարգսյանը:





