AM
9 Դեկտեմբեր 2011 - 07:25 AMT

ԱՄՆ-ն հերքել է Ռուսաստանի վարչապետի մեղադրանքները

ԱՄՆ-ն հերքել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մեղադրանքները, որը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր գործողություններով զանգվածային բողոքի ցույցեր հրահրեց, իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը «ազդանշան» տվեցին ռուսական ընդդիմությանը:

Հանդես գալով Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում՝ Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է ռուսաստանցիների հույսերին ու լավագույն ապագայի իրավունքին: Ըստ նրա, Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մտահոգվածությունը հիմքեր ունի:

Մինչ այդ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ մեկնաբանել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները Ռուսաստանի քաղաքներում: Նա հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղարը շտապել է՝ գնահատական տալով Պետդումայի ընտրություններին: «Նա ազդանշան տվեց երկրի ներսում գործող գործիչներին, որոնք էլ ակտիվ աշխատանք սկսեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ»,-հավելել է Պուտինը:

«Դժվար կլիներ ճշմարտությունից այդքան հեռու որևէ բան մտածել»,-մեկնաբանել է Պուտինի արտահայտությունը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: