AM
9 Դեկտեմբեր 2011 - 13:10 AMT

Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում կմեկնարկի գյուղատնտեսական կենդանիների առողջության կառավարման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի միջև «Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Վերոհիշյալ ծրագիրն իրականացվում է Ավստրիայի Զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են Հեյֆեր Ինտերնեշնալ ընկերության ներկայացուցիչները:

«2005 թվականից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) լուրջ գործունեություն է ծավալել գյուղատնտեսության ոլորտում` հատկապես անասնապահության ճյուղում: Կարևոր է խորհրդատվության բնագավառում աջակցությունը: Այս համագործակցությամբ լուրջ աշխատանք կտարվի պետություն – մասնավոր հատված կապի ամրապնդման առումով:

«Ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն կձևավորվի երկու բարեկամ երկրների` Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ծրագրի նպատակն է անասնաբուժական ծառայությունների կարողությունների ուժեղացման միջոցով աջակցել Հայաստանի հյուսիսային (Շիրակի և Լոռու մարզեր) և Վրաստանի հարավային (Սամցխե – Ջավախեթի և Քվեմո – Քարթլի շրջաններ) շրջանների գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պահվածքի արդյունավետության բարձրացման գործում:

Հրավիրված և տեղի բարձրակարգ մասնագետների միջոցով կվերապատրաստվեն շուրջ 60 անասնաբույժներ, որոնք իրենց հերթին խորհրդատվական և անանաբուժական ծառայություններ կմատուցեն գյուղացիական տնտեսություներին:

Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն Հայաստանի և Վրաստանի անասնաբույժների համատեղ խորհրդակցություններ և դասընթացներ, ինչպես նաև երկու երկրների պետական, հասարակական և մասնավոր հատվածների մասնակցությամբ կոնֆերանսներ` բնագավառի խնդիրների քննարկման և լուծումների առաջարկման նպատակով: